Ավարտվեց ամիսներ շարունակվող «սահմանադրական բարեփոխումներ» անունով բազմասերիանոց ֆիլմը: Իշխանությունները գոհ են իրենց «խփած» 63,35 տոկոսից, իսկ ընդդիմությունը 32,35 տոկոս «ոչ»-ի արդյունքները չի ընդունում` բարձրաձայնելով բազմաթիվ խախտումների մասին: Քվեարկության պատկերից ակնհայտ է, որ «այո»-ի առաջամարտիկ է Արարատի մարզը: Հովիկ Աբրահամյանի հայրենիքը չէր կարող «ընդդիմանալ», հաջորդը Գեղարքունիքն է, Արմավիրը և, իհարկե, Սյունիքը: Վերջին մարզում իշխանությունները մշտապես հաղթանակ են տոնում: Այստեղ էլ իշխանությունները «պարտական են» Սյունյաց մարզպետին:
Սյունեցի պատգամավոր ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է պատահում, որ Սյունիքում ընտրությունների արդյունքները մշտապես հօգուտ իշխանությունների են լինում, այն էլ՝ ակնհայտ առավելությամբ:
-Դուք դա վա՞տ եք համարում: Կարծում եմ, շատ լավ է, որ սյունեցին պետականամետ է: Բոլոր ընտրություններին էլ ակտիվ մասնակցում են սյունեցիները և իրենց խոսքն են ասում:
-Փաստորեն, այդ «խոսքը» միայն իշխանությա՞ն «ականջին» է հաճելի:
-Եթե լավ որոշում է լինում, սյունեցին միշտ էլ դրան կողմ է քվեարկում:
-Թե՞ Սուրեն Խաչատրյանի «շնորհիվ» է բոլոր ընտրություններում Սյունիքն այդպիսի «փայլուն» արդյունք արձանագրում:
-Ընդհանրապես հաղթանակը մի մարդով չի լինում:
-Պարոն Կարապետյան, Դուք թերագնահատո՞ւմ եք Սյունիքի «տեր ու տիրակալին»:
-Հաղթանակը միասնական է լինում: Սյունիքում էլ է այդպես եղել:
-Փաստորեն, ձեր մարզում մարդիկ օրուգիշեր փառք են տալիս Աստծուն, որ այսպիսի իշխանությո՞ւն ունեն:
-Վատ չէ, որ ժողովուրդը վստահում է իշխանությանը: Դա, իհարկե, մեծ պատասխանատվություն է դնում իշխանության վրա:
-Փաստն այն է, որ այդ և այլ մարզերի «գլխապտույտ» առաջացնող հանրաքվեի մասնակիցների և «այո» քվեարկածների թիվը հնարավոր է ոչ թե իշխանություններին անվերապահ վստահության շնորհիվ, այլ՝ կեղծիքներով, լցոնումներով:
-Դուք ինքներդ եք ասում, որ բոլոր ընտրություններում սյունեցիները ակտիվ են և պետականամետ կողմնորոշում ունեն: Նշանակում է, որ ոչ թե կեղծիքներ են եղել, այլ միշտ է այդպես եղել:
-Սյունեցիները ոչ մի «ցավ ու դարդ» չունե՞ն, որ սպասում են, թե երբ ընտրություն կկազմակերպեն, որ գնան ու հաստատեն իշխանությունների դիրքորոշումը:
-Չէի ասի, որ սյունեցիները խնդիրներ չունեն: Հակառակը, շատ հիմնախնդիրներ ունեն, բայց ընտրությունների ժամանակ դրանք շահարկելը սխալ է:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ